Հունվարի 18-ին «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում արտագնա խաղում ուժերը չափեց «Ունիոնիստասի» հետ ու հաղթեց 3։1 հաշվով։
Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտնվել էր «Բարսելոնայի» մեկնարկային կազմում։ Նրա համար հանդիպումը 200-րդն էր կատալոնական ակումբի համար։ Դրանցում նա խփել է 16 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։
Դե Յոնգը դարձավ 6-րդ հոլանդացին «Բարսելոնայի» պատմության մեջ՝ 200+ խաղերով։ «Բլաուգրանայի» կազմում ավելի շատ խաղացել են միայն հետևյալ հայրենակիցները՝ Ֆրանկ դե Բուրը (214), Միխայել Ռեյզիգերը (255), Պատրիկ Կլյուվերտը (257), Ռոնալդ Կումանը (264) և Ֆիլիպ Կոկուն (292):