Անտոնիո Կոնտեն առաջիկա ամռանը կարող է գլխավորել իտալական ակումբ

«Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն առաջիկա ամռանը կարող է գլխավորել «Միլանը»։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիների» ղեկավարությունը 54-ամյա իտալացուց բացի այլ թեկնածուներ չի դիտարկում։ Նշվում է, որ միլանցիների ղեկավարներն ամենայն հավանականությամբ Պիոլիին թույլ կտան աշխատել մինչեւ մրցաշրջանի ավարտը, որից հետո թիմ կհրավիրեն Կոնտեին։

Իր մարզչական կարիերայի ընթացքում Կոնտեն գլխավորել է «Չելսին», «Յուվենտուսը», «Ինտերը», «Ատալանտան», «Սիենան», «Բարին» և Իտալիայի հավաքականը։ Մասնագետի վերջին թիմը եղել է «Թոթենհեմը»։ Իտալացին լոնդոնյան ակումբից հեռացել է նախորդ տարվա մարտի վերջին։