Զեպ Մայեր․ «Ես Տոնի Կրոսին չէի հրավիրի Գերմանիայի հավաքական»

«Բավարիայի» նախկին դարպասապահ Զեպ Մայերը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ Գերմանիայի հավաքական հնարավոր վերադարձի մասին։

«Ես Կրոսին չէի վերադարձնի հավաքական։ Չեմ կարծում, որ լավ կլինի, եթե նա նորից խաղա ազգային հավաքականում։ Նա ժամանակ ուներ ազգային հավաքականում խաղալու համար։ Նրա դիրքում մենք ունենք շատ այլ տաղանդավոր խաղացողներ, ովքեր կարող են օգնել թիմին։

Անձամբ ես նորից չէի զանգի Կրոսին։ Բայց դա չի նշանակում, որ նա վատ խաղացող է և ոչինչ չի արել գերմանական ֆուտբոլի համար»,- Մայերի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Գերմանիայի հավաքականի մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է 33-ամյա խաղացողին հրավիրել առաջիկա հանդիպումներին։