Ռոբերտո Մարտինես․ «Ես երբեք չեմ տեսել այդքան մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստի»

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կիսվել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարողությունների մասին իր կարծիքով։

«Կրիշտիանուն շատ հետաքրքիր է: Երբ կա հատուկ որակի խաղացող, իսկ Ռոնալդուն համաշխարհային ֆուտբոլի երեք-չորս լավագույն խաղացողների խմբում է, միշտ ուզում ես իմանալ, թե ինչպես է նա այդպես դարձել։ Ես երբեք չեմ տեսել այդքան մեծ փորձ ունեցող խաղացողի, ով այսքան մեծ ցանկություն ունենա լավագույնը լինելու յուրաքանչյուր մարզման ժամանակ։

Կարծում եմ, որ դա վարակիչ է մեր հանդերձարանում: Գալիս է 18 կամ 19 տարեկան խաղացողը և տեսնում է Կրիշտիանուին, ով ցանկանում է ամեն վարժությունում լինել լավագույնը, առաջինը գալիս է և վերջինը հեռանում: Նա զարմացնում է ինձ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես է գալիս 2003 թվականից։ Ընդհանուր առմամբ, 38-ամյա ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 204 հանդիպում, որոնցում խփել է 128 գոլ։