«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը համաձայնության չի եկել տուժողի հետ, հայտնում է RMC Sport-ը։
Տուժողի փաստաբան Էսթեր Գարսիան, բացատրելով կողմերի միջև ֆինանսական համաձայնությունից հրաժարվելը, ասել է, որ բարոյական վնասն անուղղելի է սեռական ազատության դեմ ուղղված ցանկացած հանցագործության դեպքում։
Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ Ալվեշը ձերբակալվել է Իսպանիայում՝ սեռական ոտնձգության գործով և այդ ժամանակվանից գտնվում է կալանքի տակ։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, հերքել է իրեն ուղղված մեղադրանքները։ Նրա խոսքով՝ աղջկա հետ ինտիմ հարաբերությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ։
40-ամյա բրազիլացու վերջին ակումբը եղել է մեքսիկական «Պումասը», որը խզել է նրա պայմանագիրը դատական գործընթացի մեկնարկից հետո։ Նախկինում պաշտպանը հանդես է եկել «Բարսելոնայում», «Սան Պաուլոյում», ՊՍԺ-ում, «Յուվենտուսում», «Սևիլիայում» և «Բայայում»:
Ֆուտբոլիստը նաև 8 գոլի հեղինակ է դարձել Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած 126 խաղում։