Լուիս Էնրիկեն գնահատել է ՊՍԺ-ի ներկայիս մակարդակը

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է այն մասին, թե ինչպես է գնահատում իր թիմի խաղն այս մրցաշրջանում։

Իսպանացի մասնագետը ստանձնել է Լիգա 1-ի գրանդի ղեկը մրցաշրջանի մեկնարկից առաջ: Թիմը վատ մեկնարկեց առաջնությունում, բայց հետո մեծացրեց տեմպը՝ տանելով վեց անընդմեջ հաղթանակ և գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Փարիզցիները Չեմպիոնների Լիգայի խմբում երկրորդն են՝ չորս տուրից հետո Դորտմունդի «Բորուսիային» զիջելով մեկ միավորով:

«Մեր թիմը դեռ չի հասել ցանկալի մակարդակին, զարգացման գործընթացը շարունակվում է։ Մենք կարող ենք ավելին ստանալ ֆուտբոլիստներից, բայց ինձ արդեն դուր է գալիս այն, ինչ տեսնում եմ: Ֆուտբոլիստների միջև փոխըմբռնումը բարելավում է պահանջում. մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու այս առումով»,- ասել է Էնրիկեն «Նյուքասլի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում: