Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն պատմել է, թե ինչպես է իր վրա ազդել ազգային հավաքականի ավագի կարգավիճակը։ 24-ամյա հարձակվողը ավագի թևկապը ստացավ այն բանից հետո, երբ դարպասապահ Ուգո Լյորիսը 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո հեռացավ միջազգային կարիերայից։
«Ավագի թևկապը ստիպում է փոխվել։ Նույնիսկ եթե չես ուզում: Դու պիտանի չես դերին, եթե չփոխվես: Ասում են՝ միայն հիմարները չեն փոխվում։ Երբ ես ավագ չէի, ես, իհարկե, ավելի անհատականորեն էի նայում խաղին և մտածում էի վիճակագրության վրա։
Հիմա, երբ ես դարձա թիմի ավագը, պետք է նախ մտածեմ մյուսների մասին։ Նպատակը թիմը համախմբված դարձնելն է»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Նախօրեին Ֆրանսիայի հավաքականը տարավ իր պատմության ամենախոշոր հաղթանակը՝ ջախջախելով Ջիբրալթարին Եվրո-2024-ի որակավորման փուլում՝ 14:0 հաշվով։ Մբապպեն այս խաղում դարձավ հեթ-տրիկի և երեք գոլային փոխանցման հեղինակ։