«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դժգոհ է մնացել թիմակից Լամին Յամալի գործողություններից Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Ալավեսի» հետ խաղում (2-1):
Դրվագներից մեկում Յամալը մրցակցի տուգանային հրապարակում փոխանցում չի կատարել Լևանդովսկուն։ Սրանից հետո լեհ հարձակվողը իր բողոքն է հայտնել խաղընկերոջը և հրաժարվել սեղմել Յամալի ձեռքը, որը մեկնել է իրեն։
Խաղից հետո Լևանդովսկին մեկնաբանել է իր տարաձայնությունները Յամալի հետ։
«Մեկնաբանելու առանձնահատուկ բան չկա, դա լրիվ պատահականություն էր։ Ինչ վերաբերում է Յամալի հետ իմ հարաբերություններին, ապա ես բազմիցս խոսել եմ նրա հետ, նույնիսկ այս հանդիպման ժամանակ, օգնել եմ, խորհուրդներ տվել։ Սա նորմալ է: Նորմալ է, որ երբեմն մարդիկ ինչ-որ բան են ասում խաղադաշտում, հուշում կամ նույնիսկ բղավում, որպեսզի ավելի լավ լսես։ Ես չեմ ուզում արդարանալ, ինձ համար սրանք շատ բանական բաներ են», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։
13 տուրից հետո «Բարսելոնան» 30 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Թիմը չորս միավորով է զիջում առաջատար «Ժիրոնային»:
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում գրանցել է ութ գոլ և 4 գոլային փոխանցում։