«Լացիոյի» ղեկավար Մաուրիցիո Սարրին «Ֆեյենորդի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
Երեքշաբթի օրը հռոմեացիները Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունեն «Ֆեյենորդին»։ Երկու շաբաթ առաջ «Ֆեյենորդը» Ռոտերդամում 3։1 հաշվով հաղթել էր «Լացիոյին»։
««Ֆեյենորդը» շատ ինտենսիվ է խաղում, նրանք եռանդուն թիմ են։ Մենք պետք է արագ տեղափոխենք գնդակը, և հուսով եմ, որ մենք կկարողանանք դա անել: Ռոտերդամում մենք լավագույն տեսքը չունեինք: Վաղվա հանդիպմանը պետք է վստահ մոտենալ, քանի որ խմբում դեռ ոչինչ պարզ չէ։
Չեմպիոնների Լիգայում խաղալը զարմանալի է, բայց մենք չպետք է մոռանանք այլ նպատակների մասին։ Այս մրցաշարը մեզ համար խնջույք է, իսկ Ա Սերիան մեր գործն է»,- Սարրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: