ՖԻՖԱ-ն պատասխանել է «Բարսելոնայի» հայցին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ֆուտբոլիստի կարգավիճակի կոմիտեն մերժել է «Բարսելոնայի» հայցն ընդդեմ «Զենիթի»՝ հարձակվող Մալկոմի տրանսֆերի պայմանագրով նախատեսված բոնուսի վճարման վերաբերյալ։

Այս մասին հայտնել է սպորտային և վարչական իրավունքի իրավաբան Մարսելո Բ Սելլարեսը, ով համապատասխան փաստաթուղթ է հրապարակել սոցցանցերում։

Կատալոնական ակումբը «Զենիթից» պահանջում էր վճարել 450 հազար եվրո՝ որպես բոնուս Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ դուրս գալու համար, սակայն 2022/23 մրցաշրջանում Սանկտ Պետերբուրգի ակումբը չմասնակցեց այս մրցաշարին՝ եվրոպական մրցաշարից դուրս մնալու պատճառով։

Հիշեցնենք, որ Մալկոմը «Զենիթ» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2019 թվականին 41,5 միլիոն եվրոյի դիմաց, իսկ 2023 թվականի հուլիսին 60 միլիոն եվրոյով վաճառվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալին»։