«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան պատասխանել է այն հարցին, թե որ մարզչի գլխավորությամբ կցանկանար հանդես գալ։
«Ես արդեն խաղում եմ պատմության լավագույն մարզիչներից մեկի գլխավորությամբ, եթե ոչ լավագույնի: Ես կխաղայի Կառլո Անչելոտիի գլխավորությամբ, քանի որ նա մեծ փորձ ունի և պատմության լավագույն մասնագետներից մեկն է»,- Սիլվայի խոսքերը մեջբերել է Madrid Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ պորտուգալացի կիսապաշտպանը «քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում Սիլվան բոլոր մրցաշարերում մասնակցել է 317 հանդիպման, որոնցում դարձել է 56 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։ 29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: