Մանուել Նոյեր. «Տեր Շտեգենն ազգային հավաքականում «առաջին համարն» է»

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը պատասխանել է Գերմանիայի հավաքական վերադառնալու մասին հարցին:

Շաբաթ օրը 37-ամյա դարպասապահը վնասվածքի պատճառով երկար բացակայությունից հետո առաջին հանդիպումն անցկացրեց։ Մյունխենցիները հաղթեցին «Դարմշտադտին» (8:0), իսկ Նոյերն օգնեց թիմին անառիկ պահել դարպասը, ինչի համար գովեստի խոսքերի արժանացավ Թոմաս Տուխելի կողմից։

Հետխաղյա հարցազրույցում դարպասապահին հարցրել են Եվրոպայի առաջնությունից առաջ Գերմանիայի հավաքական հնարավոր վերադարձի մասին։

«Գերմանիան հիանալի դարպասապահներ ունի, բոլորս անհամբեր սպասում ենք Եվրոյին։ Կարծում եմ՝ այս պահին Տեր Շտեգենն ազգային հավաքականում «առաջին համարն» է։ Երեկ ես կապ հաստատեցի Նագելսմանի հետ, և նա ինձ հաջողություն մաղթեց։ Ես բացարձակ հանգիստ եմ»,- Նոյերի խոսքերն է մեջբերում լրագրող Պատրիկ Շտրասերը։