Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն նամակ է հղել Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Շինո Զուարեցին, որում կոչ է արել պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։
«Կցանկանայի ՖԻՖԱ-ի և ողջ միջազգային ֆուտբոլային հանրության անունից մեր խորին ցավակցությունը հայտնել Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիային և Պաղեստինի ֆուտբոլի ասոցիացիային վերջին օրերին տեղի ունեցած սարսափելի բռնության կապակցությամբ: Ինչքան սրտաճմլիկ, այնքան էլ ցնցող է տեսնել, որ մի տարածաշրջան, որի ժողովուրդը չափազանց երկար կրել է նման խորը տառապանք, է՛լ ավելի է տառապում: Ֆուտբոլային աշխարհը հաստատապես համերաշխ է Իսրայելի և Պաղեստինի ժողովրդի և բոլոր անմեղ զոհերի հետ, ովքեր վճարել են անասելի գին:
ՖԻՖԱ-ն միանում է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և Իսրայելի և Պաղեստինի ժողովուրդների տառապանքը մեղմելու կոչին: Իհարկե, մենք գիտենք, որ ֆուտբոլը չի կարող լուծել աշխարհի խնդիրները, բայց այն կարող է գոնե փոքր դեր խաղալ հույսի շող շողալու գործում, որտեղ թվում է, թե առջեւում միայն խավար է: Ֆուտբոլը ցույց է տալիս, որ հնարավոր է մարդկանց համախմբել փոխադարձ հարգանքի միջավայրում՝ հանդես գալով որպես խաղաղության և, ի վերջո, հաշտության հասնելու միջոց, նույնիսկ այն դեպքում, երբ դա անհնարին էր թվում գրեթե բոլորին։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ՖԻՖԱ-ն կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու ձեր ջանքերին՝ օգնելու վերականգնել խաղաղությունն ու հույսը ձեր ժողովրդին այժմ և ապագայում»,- Ինֆանտինոյի նամակը մեջբերում է Sky News-ի լրագրող Ռոբ Հարիսը։
Ավելի վաղ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա անվանել էր անիմաստ բռնություն։