«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պայմանավորվել «Յուվենտուսի» հետ արբիտրաժի շուրջ՝ վճարելու համաճարակի ժամանակ սառեցված իր աշխատավարձը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Նշվում է, որ խոսքը 19,9 մլն եվրոյի մասին է, որը փոխադարձ համաձայնությամբ սառեցվել է կարանտինի ընթացքում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ներկայացուցիչները Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի արբիտրաժային կոլեգիայի լսումների ժամանակ հայտնել են, որ Ռոնալդուն չի կարող վճարումներ պահանջել, քանի որ դրանք պաշտոնականացված չեն։ Այս գործով վերջնական դատավճիռը կհրապարակվի մեկ ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին «Յուվենտուսի» գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն հայտարարեց, որ ակումբը Ռոնալդուին պարտքեր չունի։ 38-ամյա պորտուգալացին «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-ից 2021 թվականներին և իտալական ակումբի կազմում անցկացրել է 134 հանդիպում՝ դառնալով 101 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն հրաժարվել է շփվել Իտալիայի դատախազության հետ խարդախության գործով, որում մեղադրվում է թուրինյան թիմի նախագահ Անդրեա Անյելլին։