«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերի առողջական վիճակի մասին, ով երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից։
«Նրա վնասվածքն իրականում վնասվածք չէ: Դա ավելի շատ անհարմարություն է, ես այդպես կանվանեի: Անհանգստություն մկաններում։ Դա փոփոխական է, երբեմն հայտնվում է, իսկ հետո հեռանում։ Այս անհանգստությունը չի ազդում ցատկելու տեխնիկայի կամ մկանների վրա, բայց այն պարզապես կա և խանգարում է:
Մենք չենք ցանկանում վտանգել, որ Նոյերի այս անհանգստությունը հանգեցնի վնասվածքի: Կարծում եմ՝ սա ներկա իրավիճակի լավագույն բնութագրումն է։ Ես խոսեցի Նոյերի հետ, և նա չափազանց դրական է տրամադրված: Նրա ժեստերից ու դեմքի արտահայտությունից կարող եմ հասկանալ, որ նա իրեն շատ լավ է զգում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։
Հիշեցնենք, որ Նոյերը լեռնադահուկային հանգստավայրում հանգստանալու ժամանակ կոտրել էր ոտքը, երբ Գերմանիայի հավաքականն ավարտեց ելույթը Քաթարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ սրունքի կոտրվածք։