Թոմաս Տուխելը հիասթափված է թիմի պաշտպանի ցուցադրած խաղից

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հիասթափված է մյունխենցիների պաշտպան Մատեյս դե Լիգտի խաղից, հաղորդում է TZ-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետին դուր չի գալիս, որ հոլանդացին կամաց-կամաց ֆիզիկական մարզավիճակ է հավաքում, բազմաթիվ կողային փոխանցումներ է կատարում ու խուսափում ուղղահայաց փոխանցումներից։ Այս պատճառներով մյունխենցիների մյուս պաշտպանները՝ Դեյոտ Ուպամեկանոն և Կիմ Մին Ջեյը, գերազանցում են նրան։

Դե Լիգտը «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում 24-ամյա հոլանդացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 4 հանդիպման, ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել է 77 րոպե ու գոլ չի խփել։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 75 միլիոն եվրո։