«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլին Հոլանդը կիսվել է PFA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը ստանալուց ստացած տպավորություններով։
«Ինձ համար պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը: Ձեր մրցակիցների կողմից ճանաչված լինելը հիանալի զգացողություն է, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին: Դա անմոռանալի մրցաշրջան էր թիմի և անձամբ ինձ համար։
Թրեբլ նվաճելը մի բան էր, որը ես երբեք չէի պատկերացնում, ուստի զարմանալի էր դրան հասնելը։ Մենք անհավատալի հիշողություններ ունենք նախորդ մրցաշրջանից, բայց հիմա ցանկանում ենք նույնն անել այս տարի։ Մենք լավ սկսեցինք մրցաշրջանը, և պետք է շարունակենք նույն ոգով»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում նորվեգացի ֆուտբոլիստը «Սիթիի» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 23-ամյա հարձակվողն ակումբի հետ նվաճել է նաև թրեբլը։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաղթել է Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան։