Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկող «Կուբանի» նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Metaratings.ru-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանն ու Ալեքսանդր Կովալենկոն սխալվել են ընտրության հարցում։
«Մենք լավ գիտենք Հայաստանի պատմությունը և գիտենք, թե ինչու են հայերի մեծ մասն ապրում այլ երկրներում։ Հայաստանը շատ աղքատ երկիր է։ Երբ զրուցում էի տարբեր երկրների հայ խաղացողների հետ, նրանք ինձ միշտ ասում էին Հայաստանի հավաքականում խաղալու իրենց ցանկության մասին։ Զախարյանի և Կովալենկոյի ընտրությունն ինձ համար մեծ անակնկալ էր։ Վատ է, երբ հայերն այլ թիմ են ընտրում։ Նրանց որոշումն ինձ հունից հանեց, քանի որ ես ինքս հայ եմ։ Կարծում եմ՝ երկուսն էլ սխալվեցին։ Բայց որպես ֆուտբոլիստ՝ ես նրանց մի փոքր հասկանում եմ և պետք է հարգեմ նրանց ընտրությունը»։
-Այժմ Ալեքսանդր Կովալենկոն դիտարկում է ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հնարավորությունը։ Արսեն Զախարյանի դեպքում ավելի բարդ է լինելու, քանի որ նա մասնակցել է Ռուսաստանի հավաքականի պաշտոնական հանդիպմանը։ Արդյո՞ք նրանք պետք է լինեն թիմում:
«Կրկին, սա հեշտ իրավիճակ չէ։ Պետք է պարզել, թե ինչու են հիմա ցանկանում միանալ Հայաստանի հավաքականին. նրանք այլեւս պետք չեն Ռուսաստանին: ՀՖՖ-ն պետք է լավ մտածի։ Որովհետև խաղացողը պետք է ցանկանա խաղալ ազգային հավաքականում, և ոչ այնպես, որ դա մի տեղ չստացվի, և դու փոխես քաղաքացիությունը: Իհարկե, նրանք երկուսն էլ շատ լավ խաղացողներ են, ովքեր կօգնեն թիմին հաղթել: Բայց նման հարցերում պետք է ավելի գլոբալ նայել, մտածել ոչ միայն ֆուտբոլի մասին»։
– Բայց, այնուամենայնիվ, ՀՖՖ-ն պետք է ընդունի՞ նրանց:
«Չգիտեմ, ես չեմ կարող պատասխանատվություն կրել ֆեդերացիայի համար։ Եթե դա ինձնից կախված լիներ, ապա կասեմ՝ ֆուտբոլը միայն խաղադաշտում խաղ չէ։ Պետք է պարզել, թե ինչու են հենց հիմա որոշել փոխել սպորտային քաղաքացիությունը։ Կարևոր չէ, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստներ են նրանք, կարևորը Հայաստանի զինանշանը մարզաշապիկներով խաղերին գնալու ցանկությունն է։ Բայց ՀՖՖ-ն ինձ նման չի վիճելու, քանի որ նրանց արդյունք է պետք։ Այս տղաներից մեկին, կարծում եմ, շուտով կտեսնենք Հայաստանի հավաքականում»։