«Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստներ է փնտրում որպես Հարի Մագուայրին փոխարինող։ Այսօր հայտնի դարձավ, որ «մանկունիանցիները» 30 միլիոն ֆունտով պայմանավորվել են «Վեսթ Հեմի» հետ Մագուայրի տրանսֆերի շուրջ։
«Յունայթեդը» կազմել է պաշտպանների ցուցակը, ովքեր կարող են փոխարինել անգլիացուն: Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ակումբը հետաքրքրված է Բենջամին Պավարով «Բավարիայից», Ժան-Կլեր Տոդիբոյով «Նիցցայից» և Էդմոն Տապսոբայով «Բայեր» Լևերկուզենից:
Ինչպես հայտնում է Sport1-ի լրագրող Քերի Հոուն, «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Պավարի հետ։ «Բավարիայի» ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում են պահել պաշտպանին հատկապես Կայլ Ուոքերի տրանսֆերի խափանումից հետո, սակայն ֆուտբոլիստը մտադիր չէ մնալ և ցանկանում է տեղափոխվել նոր առաջնություն։