Դատարանը մեղադրում է Դանի Ալվեշին գիշերային ակումբում կնոջ բռնաբարության մեջ

Կատալոնիայի մայրաքաղաքի թիվ 15 քննչական դատարանն ավարտել է իր հետաքննությունը բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշի դեմ և եզրակացրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբի զուգարանում նրա կողմից բռնաբարության նշաններ կան 23-ամյա աղջկա նկատմամբ, հայտնում է El Mundo-ն։

Աղբյուրի համաձայն՝ այսօր, օգոստոսի 2-ին, «Բարսելոնայի» և Բրազիլիայի նախկին պաշտպանը դատարան կգնա՝ մեղադրող կողմին ծանուցելու և նիստի օր նշանակելու համար:

Նշենք, որ ֆուտբոլիստը կալանքի տակ է հունվարի 20-ից։ Բարսելոնայի դատարանը երկու անգամ մերժել է նրա ժամանակավոր ազատման դիմումը։

Նշվում է, որ պատճառն այն է, որ Ալվեշը կատարվածի վերաբերյալ երեք տարբեր վարկածներ է տվել։ Բացի այդ, դատարանը հաշվի է առել ֆուտբոլիստի փախուստի վտանգը՝ կապված Բրազիլիայում խոշոր ակտիվների տիրապետման հետ: