Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ պատրաստվում են պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեայի ձեռքբերման համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան թիմերի ներկայացուցիչները կապ են հաստատել իսպանացի դարպասապահի գործակալների հետ։ Դե Խեան տրանսֆերային շուկայում հասանելի է ազատ գործակալի կարգավիճակով:
Հաղորդվում է, որ «Յունայթեդի» նախկին դարպասապահով հետաքրքրված է նաև «Բավարիան»։ Այնուամենայնիվ, «Բրենթֆորդից» Դեյվիդ Ռայան և «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն մյունխենցիների առաջնահերթ տարբերակներն են դարպասապահի դիրքն ամրապնդելու համար:
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 12 տարի։ «Կարմիր սատանաների» հետ նա հաղթել է այնպիսի մրցաշարերում, ինչպիսիք են Անգլիայի Պրեմիեր Լիգան և Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը (երկու անգամ), Անգլիայի Սուպերգավաթը (երեք անգամ) և Եվրոպայի Լիգան։
2022/23 մրցաշրջանում Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ ավարտվել է այս տարվա հունիսի վերջին։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 13 միլիոն եվրո: