«Ես լուրջ առաջարկներ եմ ստացել սաուդյան ակումբներից, բայց երջանիկ եմ «Ինտերում»

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոստովանել է, որ առաջարկներ է ստացել սաուդյան ակումբներից, սակայն որոշել է մնալ իտալական թիմում։

«Ես լուրջ առաջարկներ եմ ստացել սաուդյան ակումբներից, դա ճիշտ է։ Բայց ես շատ երջանիկ եմ «Ինտերում», ուստի հեռանալու պատճառ պարզապես չկա: Ես այստեղ ավագն եմ, «Ինտերն» իմ երկրորդ տունն է։ Այստեղ ես ինձ սիրված եմ զգում առաջին իսկ օրվանից։ Ես հպարտ եմ, որ այստեղ եմ»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա արգենտինացի հարձակվողը «Ինտերի» կազմում անցկացրել է 38 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 21 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Լաուտարոն «ներաձուրիի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Մինչ այդ նա հանդես է եկել «Ռասինգում»։