ՈւԵՖԱ-ն թույլատրել է «Բարսելոնային» մասնակցել Չեմպիոնների Լիգայի նոր խաղարկությանը

ՈւԵՖԱ-ն թույլատրել է «Բարսելոնային» մասնակցել Չեմպիոնների Լիգայի նոր խաղարկությանը, հայտնում է կազմակերպության կայքը։

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը ՈւԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել «Բարսելոնայի» նկատմամբ: Հաղորդվում էր, որ 2001-2018 թվականներին թիմը 7,5 միլիոն եվրո են վճարել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի տեխնիկական մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեիրային։

Գործընթացի արդյունքում ՈՒԵՖԱ-ի բողոքարկման կոմիտեն, քննարկելով «Բարսելոնային» իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին ընդունելու հարցը, որոշեց ժամանակավորապես թույլ տալ նրանց մասնակցել 2023/24 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգային։ Նշվում է, որ վարույթը կարող է վերսկսվել ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ կամ էթիկայի ու կարգապահական տեսուչների պահանջով, որոնք պատասխանատու են այս գործի համար։

Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» զբաղեցրեց առաջին տեղը Լա Լիգայում և այդպիսով մտավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին զամբյուղը: