«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն բացահայտել է այն փոփոխությունները, որոնք նկատել է հարձակվող Լիոնել Մեսսիի խաղում այն բանից հետո, երբ արգենտինացին հաղթել է Ամերիկայի գավաթում և Աշխարհի առաջնությունում։ Նշենք, որ ավելի վաղ Մարտինոն Մեսսիի հետ աշխատել է «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում։
«Լավ փուլեր էին, բոլորը տարբեր: Հիմա Մեսսիին տեսնում եմ նույն ցանկությամբ, ինչպես միշտ, բայց նոր մակարդակի վրա։ Նա ավելի հանգիստ է դարձել այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել ազգային հավաքականի հետ վերջին մի քանի տարիների ընթացքում։ Դա շատ մեծ բեռ էր, որը նա կրեց իր վրա, և նրա չեմպիոնությունները փոխեցին նրա առօրյան»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Նա հանդես կգա 10-րդ համարի ներքո։ Սպասվում է, որ արգենտինացին իր նորամուտը «Ինտեր Մայամիի» կազմում կանցկացնի հուլիսի 21-ին մեքսիկական «Կրուս Ազուլի» դեմ խաղում: