Անգլիական ակումբը համաձայնության է եկել Լևերկուզենի «Բայերի» հետ Մուսա Դիաբիի տրանսֆերի շուրջ

«Ասթոն Վիլան» համաձայնության է եկել Լևերկուզենի «Բայերի» հետ՝ ֆրանսիացի հարձակվող Մուսա Դիաբիին ձեռք բերելու համար։ Տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

«Ասթոն Վիլան» բանակցություններում ներկայացնում է ֆուտբոլի նոր ղեկավար Ռամոն Մոնչին, ով վճռական է գործարքն արագ փակելու հարցում: Շտապողականությունը հասկանալի է, քանի որ ֆուտբոլիստին հավակնում է նաև արաբական «Ալ-Նասրը»: Առաջիկա ժամերին ակումբը, որտեղ հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, մտադիր է երկրորդ պաշտոնական հարցումն ուղարկել «Բայերին»։ Սկզբում արաբները լիվերկուզենցիներին առաջարկել էին մոտ 33 միլիոն եվրո Դիաբիի համար։

Դիաբին դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն «Բայերի» ղեկավարությունը ֆուտբոլիստին ընտրություն կատարելու կոչ կանի, հենց որ նա երկրորդ առաջարկը ստանա «Ալ-Նասրից»:

Դիաբին անցած մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը լևերկուզենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։