ՖԻՖԱ-ն վճարել է այն ակումբներին, որոնց ֆուտբոլիստները մասնակցել են ԱԱ-2022-ին

ՖԻՖԱ-ն հաշվետվություն է հրապարակել 2022 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար իրենց ֆուտբոլիստներից բաց թողած ակումբների վճարումների վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից ամենաշատ գումարը կստանա անգլիական «Մանչեսթեր Սիթին»՝ 4.596.445 դոլար։ Վճարումները կստանան նաև «Բարսելոնան» (4,538,955 դոլար), Մյունխենի «Բավարիան» (4,331,809 դոլար), Մադրիդի «Ռեալը» (3,836,302 դոլար) և ՊՍԺ-ն (3,835,389 դոլար):

Ընդհանուր առմամբ՝ միջազգային ֆեդերացիան 290 մլն դոլար կբաշխի 51 երկրի 440 ակումբների միջև։ ՖԻՖԱ-ն 837 ֆուտբոլիստների համար կվճարի օրական 10950 դոլար մեկ ֆուտբոլիստի համար՝ անկախ նրանից, թե քանի րոպե են նրանք խաղացել 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ: Գումարը բաժանվում և բաշխվում է այն ակումբների միջև, որոնցում ֆուտբոլիստը գրանցվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին նախորդող երկու տարվա ընթացքում։ ՖԻՖԱ-ն վճարումներ կկատարի ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների միջոցով։

Նախատեսվում է, որ 2026 թվականի Աշխարհի առաջնության և 2030 թվականի Աշխարհի առաջնության համար միջազգային ֆեդերացիան յուրաքանչյուր մրցաշարի ավարտին կվճարի 355 միլիոն դոլար։