«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա պաշտպան Կայլ Ուոքերը համաձայնել է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի ֆուտբոլիստը վերջնականապես համաձայնել է տեղափոխվել մյունխենյան ակումբ։ «Բավարիայի» ղեկավարությունը տեղյակ է ֆուտբոլիստի որոշման մասին։ Տրանսֆերն արդեն մոտ է ամբողջական համաձայնեցմանը, «քաղաքայինների» հետ բանակցված տրանսֆերի գումարը կազմում է 15 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները։ Հաղորդվում է նաև, որ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը առանցքային դեր է խաղացել այս տեղափոխման մեջ։
2022/23 մրցաշրջանում Ուոքերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 13 միլիոն եվրո: