Հայտնի է, թե երբ Լիոնել Մեսսին պայմանագիր կկնքի «Ինտեր Մայամիի» հետ

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին երեքշաբթի օրը՝ հուլիսի 11-ին, մեկնել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ հանգստյան օրերին արգենտինացին պայմանագիր կկնքի «Ինտեր Մայամիի» հետ և պաշտոնապես կներկայացվի որպես ամերիկյան ակումբի նոր ֆուտբոլիստ։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա կիրակի օրը՝ հուլիսի 16-ին։

Լիոնել Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 75 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 32 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ։ Փարիզյան թիմի կազմում արգենտինացին երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է երկրի սուպերգավաթը։

«Բարսելոնայի» կազմում արգենտինացի հարձակվողը դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն, Իսպանիայի գավաթի յոթակի հաղթող, չորս անգամ հաղթել Չեմպիոնների Լիգան և երեք անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Արգենտինայի հավաքականի հետ Մեսսին 2022 թվականին հաղթել է աշխարհի առաջնությունը, իսկ մեկ տարի առաջ դարձել է Ամերիկայի գավաթի հաղթող։