Ակումբները պատրաստ չեն վճարել Էդուարդ Սպերցյանի համար պահանջվող գումարը

Հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբներից մեկը հնարավոր տեղափոխության շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Էդուարդ Սպերցյանի շուրջ իրավիճակը դեռ նույնն է: Որքան գիտեմ, ակումբները, որոնք իսկապես հետաքրքրված են նրանով, պատրաստ չեն վճարել նրա համար պահանջվող գումարը։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել»,- գրել է Խաչատրյանը Twitter-ում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Ամստերդամի «Այաքսի», իտալական մի շարք ակումբների և անգլիական «Մանչեսթեր Սիթիի»՝ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին։ 23-ամյա Սպերցյանը Կրասնոդարի շրջանավարտ է։ Նախորդ մրցաշրջանում նա հարազատ թիմի կազմում անցկացրել է 41 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ «Կրասնոդարի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։