«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան հայտարարել է, որ մտադիր չէ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ իտալական թիմից։
«Ես մոտիվացված եմ անցնելու մինչմրցաշրջանը, որը մենք սկսել ենք այսօր: Իմ ապագա՞ն։ Երջանիկ եմ «Ռոմայում», ես մնում եմ այստեղ»,- Դիբալային է մեջբերում LaRoma24-ը։
29-ամյա Դիբալան «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականից, երբ թիմին միացավ ազատ գործակալի կարգավիճակով՝ պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականի ամառ։ Հռոմեացիների կազմում 38 խաղում արգենտինացի հարձակվողը խփել է 18 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Չելսին», սակայն ինքը՝ Դիբալան, ցանկանում է մնալ «Ռոմայում»:
Դիբալան 2022 թվականին Արգենտինայի հավաքականի հետ դարձել է Աշխարհի չեմպիոն։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 38 հանդիպում և երեք գոլ: