Լոնդոնի «Չելսին» չի կորցրել հետաքրքրությունը «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի նկատմամբ և մոտ ապագայում կրկին կփորձի պայմանագիր կնքել նրա հետ, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան իր Twitter-ում։
Ըստ աղբյուրի՝ Վլահովիչն այնքան էլ գոհ չէ «ծեր սինյորայի» կազմում իր մնալուց և դեմ չէ ամռանը փոխել ակումբը, բայց միայն այն դեպքում, եթե լինի համապատասխան առաջարկ։ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նույնպես համակրում է սերբ հարձակվողին։ Այնուամենայնիվ, ակումբները նախ պետք է ավարտին հասցնեն որոշակի տրանսֆերներ, որպեսզի սկսեն բովանդակալից բանակցություններ: «Յուվենտուսը» պետք է վաճառի Դենիս Զաքարիային, իսկ «Չելսին» ցանկանում է վերջնական տեսքի բերել Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը «Ինտեր»: Դրանից հետո ակումբները կարող են լիարժեք բանակցություններ վարել, սակայն մինչ այժմ լոնդոնյան ակումբից հարձակվողի վերաբերյալ պաշտոնական առաջարկներ չեն եղել։
Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ 2022/2023 մրցաշրջանում սերբը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 70 միլիոն եվրո: