Մեհդի Տարեմին կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում

«Պորտուի» իրանցի հարձակվող Մեհդի Տարեմին դարձել է «Միլանի» հետաքրքրության առարկան։ Իտալական ակումբը ֆուտբոլիստին դիտարկում է որպես Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի այլընտրանք, հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի համաձայն՝ ավելի վաղ Մորատան եղել է ռոսոներիների հարձակումն ուժեղացնելու գլխավոր թեկնածուներից մեկը։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստի բարձր արժեքը, ինչպես նաև աշխատավարձը նրան դարձնում են գերթանկ տարբերակ «Միլանի» համար:

Իտալական ակումբն այժմ ավելի լավատես է 30-ամյա իրանցի հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հարցում, ում պայմանագիրը «Պորտուի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին, ինչը կօգնի իջեցնել ֆուտբոլիստի գինը։ Տրանսֆերի միակ խնդիրն այն է, որ Տարեմին ԵՄ անդամ չհանդիսացող ֆուտբոլիստ է, իսկ «Միլանի» կազմում մնացել է ընդամենը մեկ տեղ:

2022/2023 մրցաշրջանում Մեհդին «Պորտուի» կազմում 33 հանդիպում է անցկացրել ազգային առաջնությունում, որոնցում դարձել է 22 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 18 միլիոն եվրո։