Միլանի «Ինտերը» և Ստեֆան դե Վրեյը համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ

Միլանի «Ինտերը» և հոլանդացի 31-ամյա պաշտպան Ստեֆան դե Վրեյը համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ։ Նոր համաձայնագրի համաձայն՝ ֆուտբոլիստը թիմում կմնա մինչև 2025 թվականի ամառ, հայտնում է «ներաձուրիների» պաշտոնական կայքը։

Դե Վրեյը միացավ «Ինտերին» 2018 թվականի ամռանը՝ ակումբին միանալով ազատ գործակալի կարգավիճակով։ Դրանից հետո պաշտպանը միլանցիների կազմում անցկացրել է 204 խաղ՝ դառնալով 9 գոլի հեղինակ։ 2022/2023 մրցաշրջանում, որն ավարտվեց «Ինտերի» համար Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտությամբ, Դե Վրեյը մասնակցել է 36 խաղի՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

«Ներաձուրիների» հետ Ստեֆանը դարձավ Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճեց այս երկրի գավաթը և սուպերգավաթը։ Նախկինում պաշտպանը հանդես է եկել հոլանդական «Ֆեյենորդում» և իտալական «Լացիոյում»։