Չորս ֆուտբոլիստ կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամռանը բաժանվել թիմի չորս ֆուտբոլիստներից, հայտնում է Independent-ը:

Աղբյուրի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը մտադիր է վաճառել եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյին, կիսապաշտպաններ Ֆրեդին, Սքոթ ՄաքԹոմինեյին և պաշտպան Հարի Մագուայերին։

23-ամյա Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ 2022/23 մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Անցած մրցաշրջանում 30-ամյա Ֆրեդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Հաղորդվում էր, որ նրանով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

2022/23 մրցաշրջանում 26-ամյա ՄաքԹոմինեյը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Նյուքասլը» ցանկանում է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։

30-ամյա Մագուայրը մանկունիանցիների կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։