Հայաստանի ազգային հավաքականը EURO-2024-ի ընտրական մրցաշարի շրջանակում, արտագնա խաղում 4-2 հաշվով առավելության հասավ Ուելսի ընտրանու նկատմամբ։ Մեր հավաքականը փայլուն ֆուտբոլ ցուցադրեց և ապացուցեց, որ կարող է անել ավելին, ու սա հենց հաղթական ճանապարհի սկիզբն է։
Ալեքսանդր Պետրակովը կարողացավ գտնել մեկնարկային ճիշտ կազմը, որը հաջողություն պիտի բերեր հավաքականին։ Հայաստանի ազգային հավաքականն ընտրել էր 5-2-3 տակտիկական դասավորությունը։ Եթե նախորդ երկու խաղերում սովոր էինք տեսնել Նաիր Տիկնիզյանին ամբողջ երկայնքով գործելիս, ապա Ուելսի դեմ խաղում Տիկնիզյանն ավելի միտված էր պաշտպանությանը։
Դարպասում ուկրաինացի մասնագետն Օգնյեն Չանչարևիչին էր ընտրել։ Այս որոշումը որքան էլ ռիսկային էր, այնուամենայնիվ արդարացված էր։ Դարպասապահը փորձառու է, ուստի սպասվածին պես կարողացավ լավ հանդիպում անցկացնել, և դեռ կարմիր քարտ «վաստակել» մրցակցի ֆուտբոլիստի համար։
Պաշտպանությունում ձախից աջ դասավորված էին Նաիր Տիկնիզյանը, Ստյոպա Մկրտչյանը, Գեորգի Հարությունյանը, Անդրե Չալըշըրը և Արտակ Դաշյանը։ Նրանցից կարելի է բոլորին առանձնացնել, սակայն Գեորգին ապացուցում է, որ շատ մոտ ապագայում կարող է լինել եվրոպական գրանդների օբյեկտիվում։ Հարությունյանն իր տարիքի համեմատ շատ հանգիստ, համակարգված և անսխալ խաղ է ցուցադրում։
Կիսապաշտպանության եռյակը գրեթե անթերի էր։ Եթե ուշադիր լինենք, ապա գոլերից երկուսում հենց Իվուն էր, ով խլեց գնդակն ու սկիզբ դրեց գոլային գրոհին։ Նա կարողանում էր հանգստացնել խաղը դաշտի կենտրոնում, հնարավորություն էր ստեղծում ավելի հանգիստ գործելու Էդուարդ Սպերցյանին։
Նաիր Տիկնիզյանը շատ ավելի հմուտ է դարձել։ Համեմատ նախորդ երկու խաղերի ՝այս խաղում «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստը կարողացավ եզրում քանակական առավելություն ապահովել հավաքականի համար և եզրերից հաճախ սուր փոխանցումներ էր կատարում։ Հենց նման խաղ էլ հայ երկրպագուն սպասում էր նրանից։
Էդուարդ Սպերցյանը կրկին հիշեցնում է եվրոպական ակումբներին, որ ժամանակն է՝ գրանդ ակումբ տեղափոխվելու։ Սպերցյանը միջին գծում գնդակը ստանում էր, փորձում էր գտնել ազատ տարածություններ։ Խաղի ընթացքում բազում պահեր եղան այդպիսի, որ Սպերցյանն իր փոխանցումով «կտրում» էր մրցակցի մի քանի պաշտպանի։ Սպերցյանի լավ խաղը արտահայտվեց հատկապես հավաքականի երկրորդ գոլի ժամանակ։ Նա գնդակը նկարեց Ռանոսի գլխին, ով անվրեպ իրացրեց իր պահը։
Ռանոսն իրապես այն հարձակվողն էր, ով պակասում էր մեզ հարձակման գծում։ Ճիշտ է, նա կլասիկ կենտրոնական հարձակվող չէ, բայց իր ֆուտբոլային գիտելիքներով նպաստում է թիմի լավ խաղին։ Ռանոսը դուբլ ձևակերպեց, և իր երկրորդ գոլը պարզապես ապշեցրեց մեզ, իսկ մարզադաշտում հավաքված ուելսցիներին՝ քարացրեց։ Գեորգի Հարությունյանը գրոհը սկսեց, Ռանոսը բաց թողեց գնդակը, իսկ Սելարայանը հրաշալի գտավ Ռանոսին, ով այդ դիրքից անվրեպ էր։
Հայաստանի հավաքականի խնդիրը շարունակում է մնալ եզրերից հարձակումներ բաց թողնելը։ Խաղի ընթացքում Ուելսը գրեթե բոլոր գրոհները սկսում և ավարտում էր եզրերում։ Առաջին գոլն էլ հենց այս պատճառով ընդունեցինք։
Մեկ այլ խնդիր էր ֆուտբոլիստների հոգնածությունը։ Առաջին խաղակեսի վերջում նկատվում էր, որ նույն Տիկնիզյանը, Մկրտչյանը և Սելարայանը վերջին շնչով էին գործում։
Հավաքականը կաղում էր նաև պաշտպանվելիս, հատկապես, օդում։ Լատվիայի դեմ խաղում մեզ ևս այսպիսի խաղ է սպասվում։ Մրցակիցը նորից փորձելու է բարձրից գրոհել։ Ճիշտ է, մենք գլխի հարվածից գոլ բաց չթողեցինք, սակայն բախտը ժպտաց մեզ։ Առաջին խաղակեսում մրցակիցը կարող էր 2-3 անգամ գլխով գրավել մեր դարպասը։
Հայաստանի հավաքականն առաջիկայում Լատվիայի դեմ դժվարին հանդիպում ունի անցկացնելու։ Այն, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը լեփ–լեցուն է լինելու, չենք կասկածում, բայց պետք է նաև, որպեսզի հաղթենք: Հավատում ենք: