«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն մեկնաբանել է «ռոսոներիների» հետ պայմանագրի երկարաձգումը։ Ամսվա սկզբին պորտուգալացին նոր պայմանագիր է ստորագրել, որի ժամկետը լրանում է 2028 թվականի ամռանը։
«Որոշումն ընդունվել է դեռևս պայմանագիրս ստորագրելուց առաջ։ Ակումբի ղեկավարներին ասացի, որ դա այն է, ինչ ես ուզում եմ։
Երբ ես առաջին անգամ եկա «Միլան», ակումբն ինձ անհավանական աջակցություն ցույց տվեց, ես նույնիսկ չէի մտածում հեռանալու կամ որևէ այլ թիմից առաջարկների մասին: Ես ցանկանում եմ պատմություն կերտել այս ակումբի հետ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Լեաուն «Միլան» է տեղափոխվել 2019 թվականին «Լիլից» 29,5 միլիոն եվրոյի դիմաց: Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։