«Պրոֆֆուտբոլն» այս անգամ զրուցել է «Ուրարտուի» պաշտպան, 22-ամյա Էրիկ Փիլոյանի հետ.
– Էրիկ, շնորհավորում եմ «Ոսկե դուբլի» կապակցությամբ։ Ի՞նչ կարևոր նշանակություն կունենան այս գավաթները քո կարիերայի համար։
– Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Շատ ուրախ եմ, որ նվաճեցի իմ առաջին տիտղոսները։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի ավելի շատ հաղթանակներ ունենամ։
– Մրցաշրջանը քեզ համար լավագույններից էր։ Ի՞նչ կասես դու այս մասին, և որքանո՞վ ստացվեց մրցաշրջանը քեզ համար։
– Փորձել եմ մրցաշրջանի ժամանակ գործադրել իմ բոլոր ուժերը՝ ամեն ինչ անելով իմ դերը թիմում ավելի օգտակար դարձնելու համար։ Ինձ թվում է, որ այս առաջնությունը և՛ ինձ համար, և՛ թիմի համար կարող ենք համարել ստացված։
– Չեմպիոնական պայքարը շատ սուր էր ու երկրպագուների համար դիտարժան։ Կա՞ր վախ, որ թիմը բաց կթողնի երկար սպասված չեմպիոնությունը։
– Վախ չի եղել, որովհետև մենք առաջնության ընթացքում հավատում էինք, որ մենք կլինենք առաջինը։ Չկար վախ, կար պատասխանատվություն ամբողջ թիմի և երկրպագուների առջև։
– Դմիտրի Գունկոյին հաջողվեց Հայաստանի չեմպիոն դառնալ: Այս ճանապարհին մեծ դերակատարում ունեին «Ուրարտուի» հայ երիտասարդ ֆուտբոլիստները՝ ի դեմս քեզ։ Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք կարևոր են հայկական ակումբների համար մեծ թվով հայ ֆուտբոլիստները, թե՞ ակումբը արդյունք պետք է ապահովի՝ անկախ ֆուտբոլիստներից։
– Մեր անցկացրած առաջնությունից պարզ դարձավ, որ հայ երիտասարդները կարող են տոն տալ ՀՊԼ-ում։ Անցկացնելով այստեղ 2 մրցաշրջան՝ արդեն ցույց տվեցինք արդյունքը։ Իրոք, ինձ թվում է՝ շատ մեծ դեր ունեին երիտասարդ հայ ֆուտբոլիստները։
– Մրցաշրջանը քեզ համար ստացված էր այնքանով, որ հրավերներ ստացար Հայաստանի ազգային հավաքականից։ Ի՞նչ կարծիք ունես Ալեքսանդր Պետրակովի մասին, ու քեզ հետ քո ապագայի մասին զրուցե՞լ է։
– Ալեքսանդր Պետրակովի մասին կարող եմ ասել, որ շատ լավ մարզիչ է և շատ փորձառու։ Կոնկրետ ապագայի մասին չենք զրուցել, բայց խորհուրդ է տվել՝ ինչ կարող եմ անել, որպեսզի էլ ավելի զարգանամ որպես ֆուտբոլիստ։
– Հայաստանի հավաքականի առաջիկա խաղին հրավեր ես ստացել։ Հավատո՞ւմ ես, որ մոտ ապագայում կդառնաս ընտրանու առաջատարը։
– Շատ ուրախ եմ հրավերի համար։ Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ սպասելիքները, իսկ ինչ վերաբերում է առաջատրներից մեկը դառնալուն, շատ մեծ նպատակ է, որին կփորձեմ հասնել մոտ ապագայում։
– Այս պահին կա՞ մտադրություն այլ թիմ տեղափոխվելու, թե՞ Եվրագավաթային ընթացքին քեզ անպայման «Ուրարտուի» մարզաշապիկով կտեսնենք։
– Այս պահին ես «Ուրարտուի» ֆուտբոլիստ եմ։ Շատ ուրախ եմ ինձ զգում այստեղ և ամենայն հավանականությամբ, հենց այստեղ էլ կշարունակեմ մրցելույթներս։
– Շուտով նաև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն է։ Ըստ քեզ՝ ո՞ր թիմը կնվաճի ականջավոր գավաթը։
– Անկեղծ ասած՝ երկու թիմին էլ շատ եմ սիրում։ Այս պահին «Մանչեսթեր Սիթին» շատ լավ մարզավիճակում է, բայց շատ կուզենամ, որ «Ինտերը» հաղթի, որպեսզի Հենրիխ Մխիթարյանը մտնի ֆուտբոլի պատմության մեջ։