Էդին Տերզիչ. «Էմոցիաները թողեք վերջին տուրի համար»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը «Աուգսբուրգի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:0) խոսել է լրագրողների հետ.

Մեկ օր առաջ «Բավարիան» սեփական հարկի տակ պարտվեց «Լայպցիգին» (1:3), ինչից օգտվելով «իշամեղուները», առաջ անցան մրցակցից և վերջին տուրից առաջ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

«Հաճելի է լինել այս իրավիճակում: Հիմա մենք ավելի մոտ ենք չեմպիոնությանը, քան որոշ ժամանակ առաջ։ Մնում է վերջին քայլը՝ մենք պետք է հաղթենք մեր մարզադաշտում՝ մեր երկրպագուների աչքի առաջ, որպեսզի վերադարձնենք տիտղոսը Դորտմունդին։ Մենք դեռ չեմպիոն չենք. Էմոցիաները թողեք վերջին տուրի համար»,- ասել է Տերզիչը DAZN-ին տված հարցազրույցում։

Դորտմունդի «Բորուսիան» 11 տարվա մեջ առաջին անգամ կհաղթի Բունդեսլիգայում, եթե մայիսի 27-ին հաղթի «Մայնցին»։