Բերնարդու Սիլվա. «Ցանկանում եմ լավ ավարտել մրցաշրջանը»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալին» (4-0) հաղթելուց հետո խոսել է անգլիական ակումբում իր ապագայի մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա պորտուգալացին կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում» կամ ՊՍԺ-ում։

«Ցանկանում եմ լավ ավարտել մրցաշրջանը, հաղթել Պրեմիեր Լիգայում, փորձել նույնը անել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակչում, իսկ հետո «Ինտերի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում: Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կարող ենք անել»,- Բերնարդու Սիլվայի խոսքերն է մեջբերում Canal+-ը:

Պորտուգալացու գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: