«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

«Բարսելոնան» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեսի ծառայություններով։

Ինչպես հայտնում է ESPN-ը՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան առաջընթաց է գրանցել 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխելու շուրջ բանակցություններում՝ չնայած «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նախընտրում էր այլ ֆուտբոլիստներ այդ պաշտոնում:

Աղբյուրի համաձայն՝ Լապորտան մտերիմ հարաբերություններ ունի Նևեսի գործակալ Ժորժե Մենդեշի հետ և ցանկանում է նրան տեսնել «Բարսելոնայում»:

Չավին կասկածում է, որ պորտուգալացին կհամապատասխանի իր թիմի խաղաոճին։ Չավիի գլխավոր ընտրյալը «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին է:

Նշվում է, որ Մենդեշը, ով ներկայացնում է «Բարսելոնայի» բազմաթիվ ֆուտբոլիստների շահերը և օգնեց ակումբին ձեռք բերել Ադամ Տրաորեին նախորդ ձմռանը, կարող է առանցքային դեր խաղալ Նևեսի գնի իջեցման գործում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վուլվերհեմփթոնը» պատրաստ է ամռանը վաճառել պորտուգալացի ֆուտբոլիստին 40 մլն ֆունտով։