ՖԻՖԱ-ն «Քյոլնին» արգելել է տրանսֆերներ իրականացնել

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) «Քյոլնին» արգելել է տրանսֆերներ իրականացնել, հայտնում են գերմանական լրատվամիջոցները։

Բունդեսլիգայի ակումբի կողմից նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու արգելքը կգործի առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում։

Պատժի պատճառ է դարձել սլովենացի հարձակվող Յակա Կուբեր Պոտոչնիկի «Քյոլն» տեղափոխությունը։ 17-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի հունվարին ժամկետից շուտ խզել է պայմանագիրը «Օլիմպիայի» հետ, ուստի գերմանական ակումբը ստիպված չի եղել փոխհատուցում վճարել, և հաջորդ օրը պայմանագիր է կնքել «Քյոլնի» հետ։

Սլովենական ակումբը պնդում էր, որ «Քյոլնն» այդ պահին դրդել է 17-ամյա ֆուտբոլիստին հեռանալ, և բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին։