Կական ու Ռոնալդուն փորձում են համոզել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին, որ ստանձնի Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստները առանցքային դեր են խաղում ազգային թիմի՝ իտալացի մասնագետ հրավիրելու ձգտումներում: Նրանք 63-ամյա մարզչի հետ բանակցություններ են վարում Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) անունից։
Աղբյուրի համաձայն՝ Անչելոտտին պատրաստ է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, եթե մրցաշրջանի ավարտից հետո հեռանա Մադրիդի «Ռեալից»։ Մարզիչը ցանկանում է մնալ թիմում, եթե այս մրցաշրջանի վերջում իրեն չհեռացնեն:
Իտալացի մարզչի ապագան Մադրիդի «Ռեալում» մեծապես կախված է Չեմպիոնների Լիգայում թիմի արդյունքներից։ Եթե մադրիդցիները երկրորդ անգամ անընդմեջ նվաճեն գավաթը, ապա Անչելոտտիի հետ մինչև 2024 թվականը հաշվարկված պայմանագիրը կարող է նույնիսկ երկարաձգվել։