Անդրես Ինյեստա. «Չավիի գալով «Բարսելոնան» սկսեց առաջադիմել»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան խոսել է իր նախկին թիմակից Չավի Էրնանդեսի աշխատանքի մասին՝ որպես «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։

«Ես հասկանում եմ «Բարսելոնայում» աշխատելու բարդությունը։ Բայց անհնար է չխոստովանել, որ Չավիի գալով թիմը սկսեց առաջադիմել։ Նրանց խաղը շատ ավելի լավն ու դիտարժան է դարձել։ Հույս ունեմ, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» կդառնա Իսպանիայի չեմպիոն, իսկ հաջորդ մրցաշրջանում նրանք կպայքարեն բոլոր հնարավոր գավաթների համար»,- մեջբերում է Sport-ը։

Իսպանիայի առաջնության 26 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 68 միավոր և մոտակա հետապնդողից առաջ է անցել 12 միավորով։