Եգոր Գլումով․ «Յուրաքանչյուր նորմալ մարդ, ով գնում է նման խաղի մարզադաշտ, այլ ակնկալիք չպետք է ունենա»

PROFFOOTBALL-ը զրուցել է սիրված հաղորդավար և ֆուտբոլի մոլի երկրպագու Եգոր Գլումովի (Գոռ Գրիգորյան) հետ։

– Պարոն Գլումով, վստահ եմ, որ Դուք Հայաստան – Թուրքիա խաղին ներկա եք լինելու։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։
– Ինձ թվում է, որ յուրաքանչյուր նորմալ մարդ, ով գնում է նման խաղի մարզադաշտ, այլ ակնկալիք չպետք է ունենա։ Եթե մարդը գնում է իր երկրի հավաքականի խաղին, պետք է գնա հաղթանակի համար։ Սպասում եմ գեղեցիկ խաղի, ու թող ոչ մեկը վնասվածք չստանա։

– Հենրիխ Մխիթարյանին հավաքականում չենք տեսնի։ Ո՞վ պիտի լինի մեր թիմի առաջատարը նրա բացակայության պայմաններում։
– Խնդիրներն անլուծելի են։ Հենրիխը վերջերս ասաց, որ չի վերադառնա հավաքական, սակայն եթե նա զանգի և ասի, որ ցանկանում եմ վերադառնալ, պետք է հրավիրվի։ Նա հայտարարեց, որ կարիերան ավարտելուց հետո անպայման կխոսի դրա մասին, իսկ ես չեմ ուզում երկար ժամանակ լսել դա, քանի որ ուզում եմ շարունակել վայելել նրա խաղը։ Ունենք Սպերցյան, ով հնարավորություն ունի՝ եվրոպական առաջնությունում խաղալու։ Տեղեկություն տարածվեց, որ նա կարող է տեղափոխվել «Միլան»։ Նա պիտի ապացուցի, որ պատրաստ է խաղալու եվրոպական առաջատար լիգաներում։ Հավաքականի խաղերն էլ հենց այդպիսին են։ Այստեղ ավելի շատ կարող են հետևել նրա խաղին, քան «Կրասնոդարում»։ Շաղոյան, ում նման ձախ եզրային վինգերի ունենք մենք։ Նա ևս ունի հնարավորություն։

– Նախորդ հավաքին բացակայելուց հետո հրավիրվել է նաև Սարգիս Ադամյանը։ Ի՞նչ կասեք նրա մասին։
– Սարգիս Ադամյանը, ցավոք, այնպիսի թիմում է խաղում, որտեղ շատ խաղաժամանակ չի ստանում։ Նա խաղադաշտ է դուրս գալիս փոխարինման։ Նա շատ լավ էր խաղում Բելգիայում, սակայն, ցավոք, նա չի կարողանում դեռևս լավ մարզավիճակին վերադառնալ։

– 7 օրում սպառվեցին Հայաստան – Թուրքիա հանդիպման տոմսերը։ Ի՞նչ կասեք նաև այս մասով։
– Զարմանալի բան չկա։ Ցավում եմ, որ չունենք այնպիսի մարզադաշտ, որ կարողանանք ավելի շատ հանդիսական հավաքել։ Արևմտյան ու արևելյան տոմսերը վաճառքի հանվելուց մեկ-երկու օր հետո սպառվեցին։ Եվրոպայում ավելի շուտ են սպառվում տոմսերը։ Նրանց համար ֆուտբոլը շատ ավելին է, քան պարզապես խաղ։ Հասկանում ենք, որ սա ֆուտբոլային խաղ չէ միայն։ Մեր ֆուտբոլիստների համար ճնշող հանդիպում է սպասվում։ 

Լուսանկարը՝ Bravo.am-ի