Հայաստան – Թուրքիա․ Ի՞նչ սպասել մեր հավաքականից

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին մեկնարկում է Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի մրցաշարում։ Խմբային փուլում մեր ընտրանին բավականին ուժեղ մրցակիցների է հանդիպելու, ինչպիսիք են՝ Խորվաթիայի, Ուելսի և Թուրքիայի հավաքականները։ Ընտրական փուլի առաջին խաղը կայանլու է Երևանում՝ Թուրքիայի հավաքականի դեմ։ Ի՞նչ սպասենք մեր հավաքականից, ովքե՞ր կարող են հրավիրվել և ի՞նչ խնդիրներով ենք մոտենալու կարևոր հանդիպմանը։

Նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախևառաջ չունի բավականաչափ ժամանակ՝ թիմին հարմարվելու և թիմին լավ ճանաչելու համար, որքան էլ նա Ուկրաինայի երիտասարդական հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Թերևս, գլխավոր հարցն այն է, թե ինչպիսի կազմով մեր հավաքականը կմրցի Թուրքիայի դեմ։ Հասկանալի է, որ մենք ունենք խնդիրներ, իսկ որո՞նք են դրանք։

Ռոման Բերեզովսկուց և Գևորգ Կասպարովից հետո Հայաստանի հավաքականը չկարողացավ գտնել այնպիսի դարպասապահի, որը կկարողանա պաշտպանել դարպասը։ Էտապներով Արսեն Բեգլարյանը, Արամ Հայրապետյանն ու Դավիդ Յուրչենկոն կարողացան բացը լրացնել, բայց խնդիրը ամբողջությամբ չկարողացան լուծել։ Արսեն Բեգլարյանը անկայուն էր գործում հավաքականում, Հայրապետյանը այլևս նախկին մակարդակում չէ, իսկ Դավիդ Յուրչենկոն այնքան է նվազեցրել իր խաղամակարդակը, որ հայտնվել է սիրողական առաջնության «Բեյ Բեգի» թիմում։ Ոչ միայն առաջիկա, այլև ամբողջ մրցաշարի համար մարզչիը պետք է գտնի օպտիմալ տարբերակ՝ այս բացը լրացնելու ու դարպասը անառիկ պահելու համար։

Մյուս խնդիրներից մեկն այն է, որ հավաքականը չի կարողանում գտնել այնպիսի գոլահարի, ինչպիսին էր Յուրա Մովսիսյանը։ Շատ ուրախալի է «Բավարիայի» երկրորդ թիմում հանդես եկող Հրանտ Լեոն-Ռանոսի՝  Հայաստանի հավաքականին միանալը, սակայն նա չի կարող գալ հավաքական ու սկսել խաղալ այն ֆուտբոլը, որը ցուցադրում է Մյունխենում։ Նախ, պետք է հարմարվել թիմին, մարզչին, լեզու գտնել մյուս խաղացողների հետ, իսկ դրա համար, միանշանակ, ժամանակ է պետք․ մեկ շաբաթը բավարար չէ այս ամենի համար, սակայն, Պետրակովի ձեռագիրն այնպիսին է, որ, գուցե, առանց ընդգծված 9 համարի էլ մենք կկարողանանք լավ արդյունքների հասնել։ Համենայն դեպս, պետք է հիշել, որ Յուրա Մովսիսյանից հետո այս դիրքի խնդիրն ամբողջությամբ լուծված չէ։

Հավաքականը պետք է կենտրոնանա նաև այն փաստի վրա, որ Հենրիխ Մխիթարյանը չի վերադառնալու ազգային թիմ, ու պետք է մտածել առանց նրա խաղի մասին։ Իսկ թե ո՞վ կլինի մեր հավաքականի առաջատարը խաղադաշտում, ցույց կտա ժամանակը։ Էդուարդ Սպերցյանը, թերևս, այս ասպեկտում առաջին դերում է։ Չմոռանանք նաև Վահան Բիչախչյանին, ով համեմատաբար ավելի քիչ խաղաժամանակ է սկսում ստանալ իր թիմում, սակայն նրա կարևորությունը կարող է վճռորոշ լինել։ Մեր ընտրանու վերջին երկու խաղերում շատ լավ գործեց ժիրայր Շաղոյանը, ով ձախ եզրում հրաշալի ֆուտբոլ է ցույց տալիս։

Լուկաս Սելարայանն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հավաքականում է։ Նա նոր մարզչի գլխավորությամբ կարող է գտնել իր խաղը հավաքականում, իսկ եթե նա սկսի խաղալ այն ֆուտբոլը, որը ցուցադրում է ՄԼՍ-ում, մենք կունենանք կիսապաշտպանության կենտրոնում շատ հզոր զույգ՝ Սելարայան – Սպերցյան։

Վնասվածքից հետո շարք է վերադարձել նաև Տիգրան Բարսեղյանը։ Բարսեղյանի դերը հավաքականում չափազանց մեծացել է, այնպես, ինչպես Վարազդատ Հարոյանինը։ Աջ եզրում Բարսեղյանը շատ լավ կարողանում է արագանալ, բաց գոտիներ գտնել։ Նա կարող է Թուրքիայի դեմ խաղում խնդիրներ ստեղծել մրցակցի պաշտպանների համար։

Չմոռանանք Արթուր Սերոբյանի մասին։ Երիտասարդ ֆուտբոլիստը ևս կարող է հավաքականում ամրանալ նոր մարզչի գալուց հետո։

Հայաստանի հավաքականի վրա մեծ ճնշում է սպասվում, սակայն մեծ սպասելիքներ ունենալ այս խաղում, սուտ է։ Թուրքիայի ընտրանին բավականին հզոր է, սակայն պետք չէ թերագնահատել մեզ։ Սա հավաքականի նորանշանակ մարզչի առաջին հանդիպումն է, ինչը խնդիրն էլ ավելի է դժվարեցնում։

Համոզված ենք նաև, որ Հանրապետականը կօգնի՝ մրցակցի նկատմամբ առավելության հասնելու համար։