PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանի հետ առաջիկայում կայնալիք Հայաստան-Թուրքիա խաղին մասին և ոչ միայն։
-Առջևում Հայաստան-Թուրքիա խաղն է: Ի՞նչ սպասելիքներ ունեք։
Կարծում եմ, որ շատ դժվար և պատասխանատու խաղ է մեզ սպասվում, քանի որ նոր գլխավոր մարզիչ ունենք՝ չնայած այն փաստին, որ Ալեքսանդր Պետրակովը Ուկրաինայի երիտասարդական հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Դժվար կլինի նաև հոգեբանական առումով, քանի որ բոլորս գիտենք, թե ինչ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ։ Սակայն, ես լավատես եմ, ու լավ է, որ առաջին հանդիպումը տանն է լինելու։ Հուսով եմ, որ տան պատերը կօգնեն մեզ։ Եթե հաջողվի այդ խաղում հաղթել, հրաշալի սկիզբ կլինի։ Ես դրական եմ տրամադրված։
-Շանսեր ունի՞ Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու։
Շանսեր միշտ են լինում։ Քանի որ սա Եվրոպայի առաջնության ընտրական փուլն է, այստեղ նաև երրորդ հորիզոնականով կարող ենք հաջորդ փուլ դուրս գալ։ Բարդ ու դժվար խմբում ենք հայտնվել։ Կարևորը այն է, որ հավաքականը կարողանա պահել նշաձողը, որը սահմանել է։ Հաջորդ փուլ դուրս գալու մասին կարող եմ ասել հետևյալը, որ խաղից խաղ կարող ենք խոսել դրա մասին, քանի որ նոր ֆուտբոլիստներ են ընդգրկվելու թիմին, նոր մարտավարություն է մշակվում։ Շանսերի մասին խոսելը դեռ վաղ է։ 3-4 հանդիպումից հետո կարելի է խոսել։
-Հենրիխ Մխիթարյանի հավանական վերադարձի մասին ի՞նչ կասեք։
Շատ ուրախ կլինեմ, եթե նա վերադառնա։ Կարծում եմ, որ ֆեդերացիայից սկսած մինչև վերջին երկրպագուն սպասում են, որ նա կվերադառնա և իր փորձով, վարպետությամբ ու առաջատարի հատկություններով կօգնի մեր ընտրանուն։ Ամեն դեպքում մեր հավաքականը պետք է պատրաստվի առանց Մխիթարյանի լավ խաղ ցույց տալ։
-Ի՞նչ խորհուրդ կտաք որպես փորձառու ֆուտբոլիստ մեր հավաքականի տղաներին Թուրքիայի դեմ խաղից առաջ։
Կարծում եմ, որ հավաքականի ֆուտբոլիստները պետք է անհարկի չլարվեն, քանի որ Թուրքիայի դեմ են մրցելու։ Բնական է, որ այս մրցակցի դեմ խաղից առաջ ճնշումը մեծ է լինելու։ Ամեն ինչ պետք է անել, որ հոգեբանորեն թիմը ճիշտ պատրաստվի և անհատապես ֆուտբոլիստներին ևս կարողանան տրամադրել խաղին՝ որ «չվառվեն» խաղադաշտում։ Կարևորը այն է, որ նրանք պետք է վստահ ֆուտբոլ խաղան, քանի որ այսօր չկա մի հավաքական, որի դեմ չենք կարող միավորներ վաստակել։ Հաջողություններ եմ մաղթում հավաքականին և հավատում եմ, որ հենց առաջին խաղում դրական արդյունքի կհասնենք և մեծ ոգևորությամբ առաջ կշարժվենք։