PROFFOOTBALL-ը զրուցել է հայ անվանի մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ Հայաստան-Թուրքիա հանդիպման մասին։
-Պարոն Չախոյան, առջևում Հայաստան-Թուրքիա հանդիպումն է, ի՞նչ կարծիք ունեք այս հանդիպման վերաբերյալ։
Մեզ շատ լուրջ մրցակից է սպասվում, դրանում կասկած չկա։ Բայց այս պահին ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ վիճակում է Թուրքիայի հավաքականը, առավել ևս թե ինչ վիճակում է Հայաստանի հավաքականը։ Մեր ընտրանին երկար ժամանակ է՝ չի հավաքվել, իսկ Ալեքսանդր Պետրակովի ամենակարևոր խնդիրը որքան հնարավոր է արագ թիմին հասկանալն է, թե մեր հավաքականը ինչ մարզավիճակում է, ով և ինչ դերակատարում կարող է ունենալ, և, բացի այդ, նա պետք է հասկանա, թե ինչ կազմով պետք է դուրս գալ խաղադաշտ։ Այսօր սա մեծ հարցական է։
Հիմա շատերը խոսում են Հենրիխ Մխիթարյանի վերադարձի մասին, իսկ ես կարծում եմ, որ պետք է մտածել առանց Հենրիխի խաղի մասին։ Քանի այդ հարցը մեծ հարցականի տակ է, ապա պետք է ընդունել, որ նա որոշում է կայացրել հավաքականից հեռանալու։ Պետք է մտածել, թե ինչպես խաղալ այն ֆուտբոլիստներով, ովքեր կան։
Որքանով ես ունեմ տեղեկություններ, ակտիվ ու լուրջ տեմպերով որոնումներ են ընթանում հայազգի ֆուտբոլիստների, մասնավորապես, «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում հանդես եկող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ կապված։ Անգամ եթե նա գա հավաքական, ես չեմ կարծում, որ դա հարցի լուծում է։ Որքան էլ ֆուտբոլիստը տաղանդավոր ու հայասեր լինի, միևնույն է, պետք է հարմարվել հավաքականին, պետք է զգալ խաղընկերներին խաղադաշատում, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր։
Հավաքականների մակարդակով խաղերում առավել ևս նորանշանակ մարզչի համար պարզապես անհնարին է որևէ լուրջ բան անելը, որովհետև հավաքականը հավաքավում է պաշտոոնական խաղերից մեկ շաբաթ առաջ։
Միայն մտածել, որ հայրենասիրությամբ ու թուրքերի նկատմամբ հաղթանակի մեծ ցանկությամբ մենք կարող ենք հաղթել, սուտ է։ Համոզված եմ, որ դա կա մեր տղաների մեջ, բայց միայն դրա հետ հույս կապելը սպորտային մոտեցում չէ։
Շատ դժվար խաղ է լինելու։ Պետք է ցանկություններն ու հնարավորությունները համապատասխանեն, որպեսզի մենք կարողանանք հասնել հաջողության։ Ցանկություններ կան, իսկ թե որքանով կհամապատասխանի, ցույց կտա ժամանակը։
Անկախ մրցակցից, մրցակցի տիտղոսներից ու հզորությունից՝ ես միշտ մեր հավաքականի հաղթանակին կարոտ եմ ու ցանկանում եմ, բայց չեմ ուզում նաև, որ Թուրքիայի դեմ խաղը քաղաքական աստար ստանա, քանի որ դա կարող է հոգեբանորեն ազդել մեր տղաներին։ Ֆուտբոլիստները նույնսիկ կարող են դրա պատճառով «վառվել» խաղադշտում։
Պետք է մոտենալ խաղին՝ որպես հերթական հանդիպմանը, ինչը հաղթելու դեպքում մեր հավաքականին մեծ հեղինակություն կբերի։