«Ալաշկերտը» նորեկ ունի

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին:

Ակումբի կազմն ազատ գործակալի կարգավիճակում համալրել է ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին: 28-ամյա ֆուտբոլիստը Հայաստանում խաղացել էր «Լոռի», «Սևան» և «Նորավանք» ակումբներում, որի կազմում դարձել էր Հայաստանի գավաթակիր: Ռուդոսելսկին «Նորավանքում» ելույթ էր ունեցել «Ալաշկերտի» նորանշանակ մարզիչ Վահե Գևորգյանի գլխավորությամբ:

Ռուդոսելսկին խաղացել էր նաև ղազախական «Կայրաթում», «Օկժետպեսում», «Ժետիսուում», «Կայսարում», Իսրայելի «Հապոել Պետահ Տիկվայում»: Նրա նախորդ ակումբը ղազախական «Թուրանն» էր, որի գույները պաշտպանում էր 2022 թվականի հուլիսից:

«Ալաշկերտի» նորեկը 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի երիտասարդական հավաքականում, հրավիրվել է նաև ազգային թիմ, որի կազմում նորամուտը չի նշել:

«Անչափ ուրախ եմ, որ դարձա «դեղին-սև» ընտանիքի մի մասնիկը: «Ալաշկերտում» հիանալի աշխատանքային մթնոլորտ է, տղաներն ինձ շատ լավ ընդունեցին:

Առաջնության երկրորդ հատվածում թեժ պայքար է սպասվում: Մեծ եռանդով և պատասխանատվությամբ պատրաստվում ենք»,- ակումբի մամուլի ծառայությանը հայտնել է Տիմուր Ռուդոսելսկին: