Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ընդունվել է որոշում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հատկացնել 5 միլիարդ դրամ Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրագործման համար։
Առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ իրականացվելու է նման լայնածավալ համատեղ ծրագիր, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ներկայացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վերը նշված ծրագրի արժեքը հիմնավորող նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Գումարի կեսը ՀՖՖ-ին կհատկացվի փաստաթղթերի հաստատումից հետո:
Նախագծի անհրաժեշտությունն ելնում է ՀՖՖ-ի կողմից 2023-2024 թվականների ընթացքում «Հայաստանի երեք մարզերում և Երևանում ֆուտբոլի դպրոցների կառուցման» ծրագրից և ՀՖՖ 2019-2025թթ. ռազմավարությունից, Հայաստանում ֆուտբոլ խաղը խթանելու և կանոնակարգելու անհրաժեշտությունից:
Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել չորս ֆուտբոլի դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով: