Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 23-րդ հերթական ժողովի օրակարգի 10-րդ հարցը ՀՖՖ փոխնախագահի ընտրությունն էր։ Արմեն Նիկողոսյանը կշարունակի զբաղեցնել պաշտոնը։
Փոխնախագահի թեկնածությունն առաջարկեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Արմեն Նիկողոսյանը ստացավ ձայների մեծամասնությունը (1 դեմ, 2 ձեռնպահ): Նա ՀՖՖ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է վերջին երեք տարիներին։
«Շնորհակալություն բոլորին իմ օգտին քվեարկելու համար։ Շնորհավորում եմ բոլորին ՀՖՖ Գործկոմի անդամ ընտրվելու առթիվ։ Սա փոխնախագահի իմ երրորդ ժամկետն է և վերջինը՝ ՀՖՖ կանոնադրության համաձայն։ Հաջորդ ընտրություններում ես չունեմ ցանկություն և իրավունք ընտրվելու։ Ես ցանկություն էի հայտնել չառաջադրվել և դուրս գալ Գործադիր կոմիտեից՝ հաշվի առնելով վերջին մեկ տարում տեղի ունեցած իրադարձությունները թե՛ առողջական, թե՛ որոշակի գործառույթների հետ կապված։ Տարբեր քննարկումներից հետո կարծես ինձ պարտավորեցրին շարունակել այն աշխատանքը, որը մենք սկսել ենք։ Հավատացեք, որ մենք փորձում ենք ամեն ինչ անել հայկական ֆուտբոլի համար։ Բոլորին կոչ եմ անում համախմբվել հայկական ֆուտբոլի շուրջ»,- ասել է Արմեն Նիկողոսյանը։